Հայաստանում առկա է Սահմանադրություն, ըստ որի՝ պետական լեզուն հայերենն է, եւ բոլոր նիստերն էլ անցկացվում են հայերենով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօր Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած նիստին, որն ընթացել է ռուսերենով եւ չի ապահովվել հայերեն թարգմանությամբ:

«Եթե միջազգային հանդիպում է, պետք է ապահովի համապատասխան թարգմանություններ այն լեզուներով, որոնք օգտագործվում են: Նշանակություն չունի ինչ նիստեր են, ցանկացած հանդիպում անցկացվում է հայերենով՝ ապահովելով համապատասխան թարգամանությունով»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ շատ վատ է գնահատում, որ ՀԱՊԿ նիստն անցկացվել է ռուսերենով՝ առանց հայերեն թարգմանության: Դիտարկմանը, թե ժամանակից շուտ ենք մտնում Մաքսային միություն, պատգամավորն ասաց, որ մենք շատ ենք ձգտում Մաքսային միություն, վազում ենք, բայց այնտեղ մեզ ոչ ոք չի սպասում:

Նշենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի բ կետը հստակորեն սահմանում է հետեւյալը.  

«բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»: