Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կենտրոնական գրասենյակը որոշել է եւս 73 միլիոն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են ԱՄՀ գրասենյակից, սա իրականացվում է նախկինում կնքված համաձայնագրի համաձայն, ըստ որի՝ արդեն Հայաստանն ԱՄՀ-ից ստացել է մետ 530 միլիոն դոլարի վարկ: Ընդհանուր առմամբ, այդ վարկի գումարը կազմելու է 830 միլիոն դոլար:
ԱՄՀ ներկայացուցիչ Մարիո Պորտուգալն ընդգծել է, որ Հայաստանը մեծ աշխատանք է կատարում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ու դրա շնորհիվ «տնտեսությունը կարծես թե մտել է հետճգնաժամային զարգացման փուլ»:
Հիշեցնենք, որ թեեւ սովորաբար ԱՄՀ կողմից տրվող վարկերն ուղղվում են Կենտրոնական բանկի պահուստների համալրմանը, սակայն 2009-ին տրված վարկերից 150 միլիոնն ուղղվել է պետական բյուջե: Եւս այդքան գումար պետական բյուջե կուղղվի նաեւ այս տարի: Իսկ մնացած գումարները կհամալրեն ԿԲ պահուստները, որն այդքան հեշտությամբ ծախսում է ԿԲ-ն՝ դոլարի փոխարժեքը զսպելու համար:
Միայն 2009 թվականին ԱՄՀ-ն ԿԲ պահուստները համալրել է ավելի քան 350 միլիոն դոլարով, սակայն դրա մեծ մասն արդեն օգտագործվել է փոխարժեքը կայուն պահելու վրա:



























