ՌԴ-ի պաշտոնատար անձինք հրավիրված չեն Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Ըստ նրա՝ Ռուսաստանը այն երկրների ցանկում չէ, որոնք դիվանագիտական ներկայացուցչություն ունեն Վրաստանում: «Ես երեկ արդեն հայտարարել եմ այն երկրների ցանկը, որոնց հրավիրատոմսեր են ուղարկվելու: դրանք ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ այն երկրներն են, որոնք չեն մտնում այդ միավորումների մեջ, սակայն դեսպանատներ ունեն Թբիլիսիում», - հայտնել է արտգործնախարարը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը հրավիրվելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ Պետդումայի այլ պատգամավորներ:

Փանջիկիձեն երդմնակալության արարողության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, որի առաջին նիստը տեղի է ունեցել նախօրեին: Հանձնաժողովը գլխավորում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, գրում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ վրաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին: Ըստ երկրի ԿԸՀ-ի՝  «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին հավաքել է 62,11% ձայն,  իսկ «միասնական ազգային շարժում» կուսակցությունից Դավիթ Բաքրաձեն՝ 21,73%: