Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացածը՝ 23-ամյա Հարություն Մանվելի Սիմոնյանը, պայմանագրային զինծառայող է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Թալինի բաժնից, նա աշխատում էր Վարդենիսում:

Վթարից մյուս տուժածներն են՝ «ԲՄՎ»-ի ուղեւոր Արթուր Վարուժանի Կարճիկյանը, «Մերսեդեսի» ուղեւորներ 45-ամյա Արթուր Ռուբիկի Գեւորգյանը, 29-ամյա Էդգար Հունանի Ավետիսյանը, 30-ամյա Արտակ Ավետիքի Դիլանյանը:

Թալինի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված երկու տուժածներից մեկը տեղափոխվել է Գյումրի, նրա վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսը՝ «Էրեբունի», նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կենտրոնի Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը նշեց, որ այժմ իրենց մոտ գտնվում է վթարից տուժած երեք հոգի, մեկը թեթեւ աստիճանի վնասվածքներ է ստացել, մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության. Երրորդինը՝ ծանր, նա գիտակցություն չունի, առկա է ներքին արյունահոսություն, թերեւս փայծաղն է վնասված, ունի բազմաթիվ պոլիտրավմաներ, նրան վիրահատել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 31-ին, ժամը 22:30-ի սահմաններում, բախվել են BMW եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 եւ «Մերսեդես» մակնիշի 35 ՏՕ 382 համարանիշi ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, BMW-ի վարորդ Հ. Ս.-ն, ուղեւոր Ա. Կ.-ն, »Մերսեդես»-ի վարորդ 30-ամյա Ա. Դ.-ն, ուղեւորներ 29-ամյա Է. Ա.-ն եւ 45-ամյա Ա. Գ.-ն  տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Թալինի եւ Գյումրիի Բ/Կ-ներ, որտեղ BMW-ի վարորդ Հ. Ս.-ն մահացել է, իսկ Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: