Հայաստանի իշխող վերնախավը գրեթե ամբողջությամբ բաղկացած է քրեականացված տարրերից, վարչախմբի ղեկին կանգնած անձն էլ թիվ մեկ օլիգարխն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ գործում է բրգային, խանական կառավարման համակարգը, որտեղ օլիգարխիան, կրիմինալը ունեն իրենց հատուկ գործառույթները, մինչդեռ պետական մյուս մարմինները իրավապահ համակարգի ստորաբաժանումները, ներգրավված լինելով այդ բուրգի մեջ, ընդամենը կատարում է իր ղեկավարների հրահանգները, եւ այստեղ բախվում ենք իրավապահ գործունեության մասնակի իրականացման եւ իմիտացայի հետ։
Նա թվարկեց բոլոր դեպքերը՝ սկսած Կոմիտաս 5-ից, եւ շեշտեց, որ դրանցով իրավապահները բավարար քայլեր չեն արել։ Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ՝ Կոմիտաս 5-ում քաղաքապետի տեղակալի վարորդի գլխավորությամբ գործող կրիմինալ մի խումբ հարձակում էր գործել ակտիվիստներից մեկի վրա, մինչ օրս այդ գործով ոչինչ չի արվել, միայն մեկ հոգի է մեղադրվում նրան ծեծելու մեջ, երբ նրան տասնյակ անձինք են ծեծել։
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ Դմիտրի Հարությունյանի գործը եւս մինչ օրս չի կարճվել, թեեւ նա ոչինչ չի արել։ Արաբկիրի ոստիկանության պետի տեղակալի կողմից Եղիա Ներսիսյանի նկատմամբ կատարված բռնության դեպքով որեւէ բան չի արվել, նույնը նաեւ նույն փոխոստիկանապետի կողմից ակտիվիստ աղջիկների եւ կանանց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու գործերով, ավելին՝ Արայիկ Պետրոսյանը շարունակում է պաշտոնավարել։ Իսկ ակտիվիստներից մեկին համբուրած երիտասարդ ոստիկանը, որը հայտարարվել էր, թե ազատվել է աշխատանքից, իրականում աշխատում է, ակտիվիստները նրան ֆիքսել են համազգեստով։
Վարուժան Ավետիսյանը ահազանգեց նաեւ, որ ոչինչ չի արվել նաեւ Արման Ալեքսանյանին, Հայկակ Արշամյանին եւ Սուրեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործերով։ Լուրջ ընթացք չեն ստացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի մոտ ակցիա կատարող ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ բռնության դեպքերը, մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, նույնը նաեւ «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ դեպքերով։
Նա հիշեց նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեպքը, «Փակ շուկայի» մոտ տեղի ունեցած բռնությունները, սպառնալիքները, Ժիրայի Սեֆիլյանին հետապնդելու դեպքերը։
«Փակ շուկայի» հետ կապված ոստիկանությունը փորձեց նվազեցնել իր մասնակցությունը, ակտիվացան օլիգարխիկ շրջապատի կրիմինալ տարրերը, փորձեցին սադրանքներ անել, ակցիայի մասնակիցների շնորհիվ դա տեղի չունեցավ, կային օրեր, երբ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին։ Ոստիկանությունը վերջին շրջանում ավելի ակտիվացել է, եւ որեւէ իրավական հիմնավորում չի բերում, թե ինչու այս կամ այն մարդուն բերման ենթարկեցին, ինչու տարան բարձրախոսը։ Ակնհայտ է կրիմինալի, օլիգարխիայի եւ պետական համակարգի սերտաճածությունը, կարելի է ասել, որ դա մեկ միասնական համակարգ է»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։





























