«Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումների համապատասխանությունը Հանրապետական կուսակցության մոտեցումներին պայմանավորված է կոալիցիոն գործընկերությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

«Սակայն ես համաձայն չեմ այն տեսակետին, որի համաձայն մեր մոտեցումները միշտ համընկնում են ՀՀԿ-ի մոտեցումներին: Բերեմ մեկ օրինակ. մի շարք այլընտրանքային կամ ընդդիմադիր կուսակցություններ խորհրդարանական կառավարմանը նվիրված հանդիպումներ են կազմակերպել: Այդ հարցում մեր տեսակետները տարբերվում են ՀՀԿ-ից», - նշել է Մհեր Շահգելդյանը՝ պարզաբանելով, որ ՀՀԿ-ն այդ հանդիպումներին չի մասնակցել, իսկ ՕԵԿ-ը մասնակցել է, քննարկել է խնդիրները  գործընկերների հետ՝ մնալով այն կարծիքին, որ դա իրենց կուսակցական մշակույթի մի մասն է:  Պատգամավորը վստահեցրել է, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երկու կուսակցությունները տարբեր դիրքորոշումներ են ունեցել: