Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները կառավարությանը, սոցապ նախարարությանը եւ պաշտոնաթող ոստիկաններին աշխատատեղեր են առաջարկում: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Լեգիոն» անվտանգության ծառայության ղեկավար Եղիշե Սիմոնյանը:
«Մենք գործատուներ չենք, այլ կոնկրետ ընկերություններ, բայց առաջարկում ենք կառավարության բեռը թեթեւացնել: Մենք ունենք բազմաթիվ աշխատատեղեր եւ նպաստառուների շրջանում կարող ենք աշխատատեղ ապահովել: Թող սոցապ նախարարությունը կամ կառավարությունը դիմեն մեզ եւ մենք նրանց աշխատանքով ապահովենք: Այս պահին կոնկրետ մեր կազմակերպությունը ունի 40 աշխատողի պակաս սոցապ նախարարությունը թող իր բազայից տրամադրի մինչեւ 50 տարեկան տղամարդկանց ցանկ եւ մենք նրանց տեղավորենք աշխատանքի: Կամ թոշակի անցած եւ պաշտոնաթող ոստիկանները եւս կարող են մեզ մոտ աշխատանքի անցնել»,- ասաց Եղիշե Սիմոնյանը:
Նա նշեց, որ իրենց պահնորդները էլիտար շենքերում, սուպերմարկետներում եւ այլ տեղերում գեղեցիկ, կոկիկ հագնված, իրականացնում են հասարակական կարգի, գույքի, մեծ միջոցառումների պահպանություն եւ այլ գործառույթներ, որը որոշ չափով նման է ոստիկանության աշխատանքին: «Բայց մինչեւ հիմա, եթե մենք դա իրականացնում էինք օրենքի շրջանակներում հիմա ցանկանում են օրենքից դուրս թողնել եւ այս դեպքում 10-12 հազար աշխատատեղ կփակվի: Հիմա, եթե այդ մարդը գնա, այլ երկիր իր ընտանիքի 100 դոլար գումար ուղարկի ավելի լավ չէ այդ գումարը մեզ մոտ վաստակեն: Մեզ հարկավոր է կառավարության մակարդակով այս հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպենք»,- ավելացրեց Եղիշե Սիմոնյանը:




























