Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը ամենեւին էլ չի տխրել պաշտոնանկության պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանը:
«Բայց ինձ պաշտոնից չեն էլ հանել, ինձ կադրային ռեզերվ են պահել»,- նշեց նա: Հարցին, թե հնարավոր է նոր տեղ աշխատանքի ընդունեն, նա պատասխանեց. «Միանշանակ»: Նա գերադասեց գաղտնի պահել իր նշանակման պաշտոնը, «գաղտնիք է, կիմանաք երկու օրից»:
Դիտարկմանը, թե սա պաշտոնի բարձրացում է լինելու, թե իջեցում, նա նկատեց՝ «չեմ կարող ասել, ոնց որոշի մեր ղեկավարությունը» :
Նշենք, որ նոյեմբերի 1-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ով հասարակությանը քաջ հայտնի է բողոքի ակցիաներից ու հանրահավաքներից:
Հիշեցնենք, որ նա մինչ Արաբկիրի ոստիկանությունում աշխատելը եղել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալը: Արայիկ Պետրոսյանը մշտապես աչքի է ընկել ագրեսիվ վարքով, քաղաքացիների հետ ոչ պատշաճ պահվածքով: Նա իր մասնագիտական «հմտությունները» դրսեւորել է հատկապես Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ:
Նույնիսկ համակարգի ներսում են արձանագրել, որ նրա վրա այդպես էլ ոչ մի բարեփոխում ու զգուշացում չազդեց: Դեռ հայտնի չէ, թե նրա փոխարեն ում կնշանակեն:
Առաջին անգամ Արային Պետրոսյանն աչքի էր ընկել 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից թռուցիկներ բաժանելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ նա արցունքաբեր գազ էր փչել լրագրողուհիներից մեկի վրա:





























