ՀԱՊԿ պետությունները պետք է համախմբվեն երրորդ ուժերի դեմ պայքարի համար, որոնք փորձում են բաժանել նրանց ու առանձին-առանձին ոչնչացնել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ղըրղըզստանի խորհրդարանանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Կարամուշկինան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են հայ-ադրբեջանական սահման: Պատգամավորները ժամանել են Երեւան հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
Մեկնաբանելով տեսածը՝ Իրինա Կարամուշկինան նշել է, որ, առաջինը, զգացել է իրավիճակի լրջությունը: «Մենք սերունդ ենք, որ մեծացել է եղբայրական հարաբերություններով, ու երբ երկիրը, որը մեզ համար եղբայրական էր, դառնում է հակառակորդ, ինձ շատ է անհանգստացնում: Ես քաղաքական գործիչ եմ, բայց կինեմ: Ինձ համար միշտ սարսափելի է, որ քաղաքական հավակնություննրի ու չհասկացվածության պատճառով կարող է խաղաղ բնակչությունը տուժել: Այստեղ ես տեսա, որ ամնե բան պատրաստ է հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում, այսինքն, իսկապես ամեն բան լուրջ է»:
Այս առթիվ պատգամավորը հիշեցրել է երրորդ ուժերի վտանգի մասին. «Կան ուժեր, ես դա գիտեմ մեր երկրում տիրող իրավիճակից, որոնք պատրաստ են մեր խաղաղ գոյակցությունը օգտագործել, բաժանել մեզ ու առանձին-առանձին ոչնչացնել: Այդ պատճառով կարծում եմ երեւանյան նիստը արդիական էր: Գլխավոր հարցը եղբայրական հարաբերությունների վերականգնումն է, այդ թվում նաեւ ռազմական համագործակցության, որպեսզի արտաքին վտանգների ժամանակ մեկս մյուսի վրա վստահ լինենք:
Պատագամավորը նշել է, որ Ղըրղըզստանը կոնֆլիկտների մասին լսելով չէ, որ տեղյակ է. «Մենք նույնպես սահմանային խնդիրներ ունենք, կան զոհեր: Հաճախ խաղաղ քաղաքացիներ: Շատ ցավոտ հարց է, զենք կիրառող կողմը չի գնում բանակցությունների, փոխզիջման: Միայն բախում»: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող ուժեղ, արմատական, ահաբեկչական իլսամիստական խմբավորումները լուրջ սպառնալիք են: «Նման իրավիճակում առավել քան կարեւոր է հարաբերությունների կարգավորումը, փոխըմբռնման ու փոխօգնության ցուցաբերումը»,- նշել է պատգամավորը:
Նա նաեւ ընդգծել է զինծառայողների սոցիալական պաշտպանության կարեւորությունը: «Եթե թիկունքում զինծառայողները խնդիրներ չունեն, ընտանիքն ապահովված է բնակարանով, վերաբերմունքը նույնպես այլ կլինի: Մեր երկրում ճիշտ է դանդաղ, բայց խնդիրը լուծվում է: Հայրենիքին ծառայելու համար միայն հայրենասիրությունը բավական չէ: Պետք է, որ հայրենիքը հոգ տանի իր պաշտպանների մասին»,- նշել է պատգամավորը:





























