Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում պետք է ներկայացված լինի պրոֆեսիոնալ մակարդակում: Այս մասին նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով ժողովրդական դիվանագիտության մեջ ՀԿ-ների դերին:

«Մեր կտրուկ տատանումները մի կողմից  մյուս  կողմ հանգեցրին նրան, որ սկսեցինք հարվածներ ստանալ երկու կողմերից:  Մենք միջազգային բոլոր կառույցներում պետք է ներկայացված լինենք  պրոֆեսիոնալ կերպով, քանի որ եթե ճշմարտությունը պրոֆեսիոնալ մակարդակով է ներկայացվում, ցանկալիին հասնելը հնարավոր է դառնում», - նշել է Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա` միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ուժեղ հակաքարոզ է տարվում, եւ ամենուր փորձում են մեզ մեկուսացնել:  «Մենք լիարժեք չենք օգտագործում մեր ներուժը, սփյուռքի հնարավորությունները», - կարծում է Կարինե Դանիելյանը:

Ադրբեջանական ՀԿ-ների հետ համագործակցությանն անդրադառնալով` նա նշել է, որ իրենց ՀԿ-ն ակտիվ աշխատել է ադրբեջանցի գործընկերների հետ:

«Բայց նրանց մոտ բոլոր գործընթացները եւ շփումը անազատ  բնույթի են: Նրանք Ադրբեջանի իշխանությունների  խիստ վերահսկողության տակ են», - ընդգծել է Կարինե Դանիելյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am