Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ գազային հարցերին պաշտոնական մոտեցման դեպքում Կիեւն իրեն իրավունք կվերապահի ռուսական կողմին նման կերպով պատասխանելու, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն:
«Եթե վերցնենք ռուսաստանյան գործընկերների հետ զուտ գործընկերային հարաբերությունները, ապա մենք միշտ նրանց ապահովագրել ենք այնպիսի ժամանակներում, երբ կարեւոր էր Եվրոպա գազի տարանցման պահպանումը: Եվ «Գազպրոմ»-ը մեր աջակցության շնորհիվ կատարում էր իր պայմանագրային պարտավորությունները », - նոյեմբերի 2-ինն լրագրողներին ասել է Բոյկոն:
«Եթե ռուսաստանյան գործընկերների կողմից նման պաշտոնական մոտեցում ցուցաբերվի, մենք մեզ իրավունք կվերապահենք նույնկերպ պայմանագիրն օգտագործել միայն գնումների համար, իսկ Եվրոպա գազի տարանցման ողջ պատասխանատվությունը թողնել միայն «Գազպրոմ»-ի վրա: Մենք այլեւս ձեռք չենք մեկնի, որովհետեւ եթե նրանց կողմից պաշտոնական մոտեցում ցուցաբերվի, նույնկերպ կվարվենք նաեւ մենք» - փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլերը առաջարկել էր Ուկրաինայի նկատմամբ կանխավճարի սկզբունքը կիրառել, եթե նա չմարի իր 882 միլիոն դոլար պարտքը՝ դեռ օգոստոսին մատակարարված գազի համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կողմ էր արտահայտվել առաջարկությանը:




























