Խոտի դեզի ծխահարման գործով դատապարտված չորս երիտասարդները մինչև նոյեմբերի 15-ը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Մեղավոր ճանաչված և դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակված տղաների փաստաբաններն այժմ կազմում են բողոքները։
«Դատավճիռ չի եղել: Դատավորը պարզապես կարդաց դատախազի մեղադրական եզրակացությունը»,- NEWS.am-ին ասաց Ռոբերտ Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը։
Արթուր Քլյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանն էլ NEWS.am-ին ասաց, որ արդարացման վճռի հասնելու հավանականությունն այս անգամ մեծ է: Նաեւ տեղեկացրեց, որ Արթուր Քլյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։
Վեց ամսվա ազատազրկումից հետո Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանն այժմ հարմարվում է նոր՝ նախկին ազատազրկվածի կարգավիճակին։
«Ազատազրկումն ինձ վրա ազդեց, բայց չկոտրեց։ Մի տոննա մարդ կար, որ ինձ կարոտել էին։ Իրանց եմ հանդիպում»,- պատմեց Մուղալյանը։
Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանն իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ մեղադրվում էին Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր ճանաչեց հոկտեմբերի 15-ին և համաներմամբ ազատ արձակեց նիստերի դահլիճից:





























