«Իշխանությունները եւ հատկապես ՀՀ Կենտրոնական բանկը պետք է անեն ամեն բան, որպեսզի գնաճը զսպվի եւ հնարավորինս կանխատեսելի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Ընդգծելով, որ լրացուցիչ գնաճային ճնշում կառաջացնի նաեւ գազի սակագնի բարձրացումը՝ նա ընդգծեց, որ գնաճը զսպելու համար կառավարությունն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց գործառույթները. «Կառավարությունը, օրինակ, իր տնտեսական քաղաքականության շրջանակներում իրականացրել է քայլեր, որոնք թույլ են տվել մինչեւ 2500 դրամի չափով ավելացնել կենսաթոշակները, չկրճատել նպաստներն ու սոցիալական այլ վճարները»,- շեշտեց Գագիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ անապահով խավի վրա տնտեսական ճգնաժամի հարվածները մեղմելու քաղաքականությունը կառավարությանը հաջողվեց բազմաթիվ վարկային ծրագրերի միջոցով։

Ամփոփելով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ եթե հաջողվի 2010 թ. առաջին եռամսյակը փակել ներկայումս ամրագրված 3 տոկոս տնտեսական աճով, հեռանկարներն ավելի հուսադրող կլինեն։