ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպմանը 14 երկրներից ժամանած մասնակիցներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆիլիպ  Կանտրենի եւ Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի գլխավորությամբ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ իր  ակտիվ մասնակցությունն է բերում ՖՄԿ տարբեր կառույցների գործունեությանը, որի վկայությունն է նաեւ «Ֆրանսերենի եւ ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» գիտաժողովի անցկացումը Երեւանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հանդիպման մասնակիցները ներկայացրել են համաժողովի արդյունքները, Սենգորի անվան ամբիոնների միջեւ իրականացվող համագործակցությունը։ Հյուրերը ներկայացրել են ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրենց կրթօջախների գործունեությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, հաջորդ շաբաթ կայանալիք ՖՄԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցերին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Եվրախորհրդի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կամզակերպության միջեւ համագործակցության շուրջ։ Ամենամյա հանդիպմանը զուգահեռ հյուրերը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված «Ֆրանսերենի եւ ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» խորագրով գիտաժողովին։