Հայկ Մարությանը ցավում է հասարակական տրանսպորտը թանկացնելու վճռականության վերաբերյալ քաղաքապետի հայտարարության համար, որում քաղաքապետը հիշեցնում է 90-ականների սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար. «Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»,- ասել էր քաղաքապետը։
Դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ Երեւանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ եւ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին եւ կառավարությանը` ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին` անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս, եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա. կամ Հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է: Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի եւ պատկերացրեք՝ այլ քաղաքների քաղաքապետները կարողանում են գտնել այդ միջոցները եւ ապահովել տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակիչների համար»:





























