Սպիտակ տունը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզական գործունեության գծով հանձնաժողովների նախագահները մերժել են  ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին աշխատակից, The Washington Post եւ The Guardian թերթերի ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենի ներում ստանալու մասին խնդրանքը:

Համապատասխան պահանջով ավելի վաղ հանդես էր եկել Սնոուդենը: Նոյեմբերի 1-ին նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատգամավոր Քրիստիան Շտրեբելեի միջոցով նամակ էր փոխանցել, որում նշել էր. «Ճշմարտությունն ասելը հանցագործություն չէ: Ես վստահ եմ, որ միջազգային հանրության աջակցության դեպքում, ԱՄՆ-ի կառավարությունը կհրաժարվի իր վնասակար գործունեությունից»:

Սակայն Սնոուդենի խնդրանքը հարուցել է ԱՄՆ-ի բարկությունը, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ը: Հանձնաժողովի նախագահ, Միչիգան նահանգից  կոնգրեսմեն Մայք Ռոջերսը  ինֆորմատորին ներելն  անվանել է «սարսափելի գաղափար»: Ըստ Սպիտակ տան խորհրդական Դեն Փֆայֆերի` ներման  առաջարկը նույնիսկ չի քննարկվում, եւ Սնոուդենը պետք է  ԱՄՆ վերադառնա ու պատասխան տա դատարանի առաջ: