ԱՄՆ բանակի բժիշկները արտոնել են ամերիկյան ռազմական բանտերում ենթադրյալ ահաբեկիչների կտտանքները, ինչպես նաեւ անձամբ մասնակցել են դրանց՝ հակառակ բժշկական էթիկայի սկզբունքներին, ասվում է բժշկական պրոֆեսիոնալիզմի հարցերով անկախ հանձնաժողովի՝ այսօր հրապարակած զեկույցում:
156 էջանոց զեկույցում նշվում է, որ փորձաքննությանը մասնակցել են ԱՄՆ տարբեր հաստատությունների 19 փորձագետներ՝ բժիշկներ, զինվորականներ, իրավաբաններ եւ էթիկայի հարցերով մասնագետներ: Հանձնաժողովի անդամները երկու տարի ուսումնասիրել են Գուանտանամո բանտում, ինչպես նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան բազաներում եւ բանտերում դատապարտյալների հանդեպ վերաբերմունքի մասին վկայող արձանագրություններն ու հասանելի մյուս փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ջ. Տոդդ Բրիսսիլը առաջադրված մեղադրանքները կոչել է «բացարձակ աբսուրդային»: Նա նշել է, որ զեկույցը կազմողները տեղեկությունները ստացել են մեղադրյալների դատապաշտպաններից, ինչը չէր կարող չանդրադառնալ դրանց օբյեկտիվության վրա: Նա նաեւ հավելել է, որ հատուկ բանտերում բանտարկյալները լավագույն բուժօգնություն են ստացել՝ ի տարբերություն նրա, երբ այդ մարդիկ ազատության մեջ են եղել:





























