Ադրբեջանում բողոքի հերթական ցույցն է ընթանում: Այս անգամ գործադուլ են սկսել «Շիրվան» առեւտրի կենտրոնի աշխատակիցները:

Musavat.com-ը հայտնում է, որ ցույցի պատճառը առեւտրի կենտրոնում տարածքի վարձակալման գումարի անսպասելի եւ զգալի բարձրացումն է: Ըստ պայմանագրի` վարձակալվող տարածքի 1 քմ-ի արժեքն է  5 մանաթ, այնինչ տոնավաճառի ղեկավարությունն այն բարձրացրել է մինչեւ 8 մանաթի:

Բարձրացել է նաեւ ցուցափեղկերի վարձավճարը. 60-ից մինչեւ 80 մանաթ: Ավելի քան 300 առեւտրականներ հավաքվել էին առեւտրի կենտրոնի բակում:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավարության եւ ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են բողոքողների հետ: Սակայն առեւտրի կենտրոնի սեփականատեր Հաջի Ավազագան ներկա չի եղել: 

Նշենք, որ իշխանությունների այս կամ այն գործողությունների դեմ բողոքի ցույցերը Ադրբեջանի համար սովորական երեւույթ են դարձել:  Հուսահատված մարդիկ պարբերաբար  դուրս են գալիս փողոցներ` իրենց խնդիրների վրա  ուշադրություն հրավիրելու համար: