Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել գազի սակագնի տարբերության շուրջ: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի բնական ռեսուրսների եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում եւ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: «Ավելի վաղ հակված էինք այն տարբերակին, որի համաձայն ռուսական կողմը կսուբսիդավորեր սակագնի մի մասը: Այժմ մենք հակվում ենք այլ տարբերակի, որի մասին ավելի ուշ կտեղեկացնենք»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ այդ բանակցությունները կապված են եղել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ: Երբ Հայաստանը նման որոշում է կայացրել, այդ բանակցությունները շարունակական են եղել եւ այժմ մոտենում են ավարտին: «Այդ համաձայնագիրը պետք է բավականին շուտ ստորագրվի՝ մինչեւ Նոր տարի»,-ընդգծել է էներգետիկայի նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ին Հայաստանում ռուսական գազի սկագինը 180 դոլարից հասել է 270 դոլարի՝ 1 խ/մ դիմաց: Վերջնական սպառողի համար այդ գումարը կազմելու է 311.58 դոլար, մինչդեռ «ՀայՌուսգազարդինը» կազմում է 439.65 դոլար: Թե ով է սուբսիդավորելու այդ 30 տոկոսի տարբերությունը, առայժմ չի հաղորդվում:





























