ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը որոշել է նկարել աշխարհի  19 առաջնորդների դիմանկարները, որոնք պաշտոնավարել են իր հետ միաժամանակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Բուշը մտադիր է դիմանկարների շարքն սկսել Անգելա Մերկելից, որը Գերմանիայի կանցլերն է 2005թ.-ից: Թե որ նախագահներին եւ վարչապետերին է նա մտադիր  պատկերել, չի հաղորդվում: Սակայն նրանց շարքում կարող են հայտնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը եւ նրա հաջորդ Գորդոն Բրաունը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Lenta.ru-ն:

Բուշ կրտսերը գեղանկարչությամբ սկսել  է հետաքրքրվել 2009թ. նախագահի պաշտոնը լքելուց հետո: Վերջին ժամանակներս նա հիմնականում շներ եւ կատուներ է նկարել: Ընդ որում, նրա  ավելի վաղ շրջանի  նկարներում պատկերվել են մերկ տղամարդիկ՝ ցնցուղի տակ:  Այդ նկարների լուսանկարները հրապարակել էին հաքերները, որոնք կոտրել էին նախկին նախագահի հարազատների էլեկտրոնային փոստը:

Իր հրաժարականից հետո Բուշը բնակվում է Թեքսասում: Նա մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների, դասախոսություններ է կարդում եւ  երբեմն տարբեր քաղաքական իրադարձություններ մեկնաբանում: Ընդ որում, նրա հիմնական զբաղմունքը, ըստ  ծանոթների, գոլֆ խաղալն է: