Հայաստանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացները այսօր կապված են սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարության հետ, որն առնչվում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայումս գործ ունենք իշխանության հետ, որը ցանկացած պահի կարող է «անակնկալ» մատուցել մեր հասարկությանը: «Մոտ 4 տարի հայ հասարակությանը նախապատրաստում էին ԵՄ հետ ինտեգրմանն ու Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրմանը, սակայն բավական էր մեկ այց Մոսկվա եւ Սերժ Սարգսյանը բավականին մռայլ դեմքով ընթերցեց մի տեքստ, որի հեղինակն, ակնհայտորեն, ինքը չէ»,-ընդգծել է Մանուկ Սուքիասյանը, հավելելով, որ հաճախ նման մակարդակի հանդիպումների ժամանակ նախագահները տեքստեր չեն գրում, իսկ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք խոսում են առանց թղթիկների: Դա, նրա խոսքով, աննախադեպ որեւույթ է, երբ մարդը գնում է հանդիպման եւ դրանից հետո թղթից ինչ-որ հայտարարություն է կարդում: «Եթե թղթից ինչ-որ հայտարարություն ես կարդում, ապա ակնհայտ է, որ դրա գոնե նախնական տարբերակի հեղինակը դու չես»,-կարծիք է հայտնել Սուքիասյանը:

Իսկ այն բացատրությունները, որ այդ որոշումը կայացվել է անվտանգության հարցերը լուծելու անհրաժեշտությունից ելնելով, Սուքիասյանն անլուրջ եւ թերի է համարում, քանի որ ժամանակակից աշխարհում անվտանգության հարցերը լուծվում են ոչ միայն բանակով եւ սպառազինությամբ, այլեւ տնտեսության հզորացմամբ, կենսամակարդակը բարձրացնելով, արտագաղթը կանխելով եւ այլն: «Եթե անվտանգության հարցը լուծվում է այլ արտաքին քաղաքականության եւ ռազմական ուժի օգնությամբ, ապա բնական է, որ կորում է այդ երկրի ինքնիշխանության մի մասը»,-ընդգծել է Սուքիասյանը: