ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկն ադրբեջանցի լրագրողներին բացատրել է իր մանդատի իմաստը:

ԱՊԱ-ն հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դեսպանը նշել է. «Ցավոք, հրադադարի համաձայնագիրը երբեմն խախտվում է, ես տեղեկություններ եմ ստանում երկու կողմերից էլ: Եվ երբ դա տեղի է ունենում, ես փորձում եմ ստուգել իրավիճակը»:

Դեսպանը նշել է, որ իր մանդատի էությունը կողմերի միջեւ վստահություն ստեղծելն է:  «Բոլորը պետք է հասկանան իմ մանդատի էությունը, որը ուսումնասիրություններ կատարելը չէ, այլ կողմերի միջեւ վստահության միջոցներ ստեղծելը: Վստահության այդ միջոցները բազմիցս օգնել են  հանդարտեցնել իրավիճակը եւ նվազեցնել լարվածությունը: Լարվածության մակարդակի նվազեցումը նշանակում է  ավելի քիչ զոհեր, ավելի քիչ տուժածներ, եւ դա այստեղ իմ աշխատանքի գլխավոր նպատակներից մեկն է: Այդպիսին էլ այն կմնա»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի շփման գծում ԵԱՀԿ-ի հոկտեմբերին անցկացրած  դիտարկման ընթացքում  խախտվել էր հրադադարի համաձայնագիրը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը այդ  առիթով հայտարարություն էր տարածել: