Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում՝ անտառում՝ ծառից կախված հայտնաբերված 27-ամյա երիտասարդը իր երեք եղբայրների պայմանագրային զինծառայող էր Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ձորագլուխ գյուղից:
Մեզ պատմել են, որ ընտանիքում 4 եղբայր են, ապրում են ընտանիքի հետ գյուղում. «Սովորական, նորմալ, գյուղի ընտանիք է, շատ համերաշխ, ինքն էլ շատ խելոք տղա է»,-պատմեցին համագյուղացիները:
Նա նշեց, որ Վազգեն Հովհաննիսյանը մեկ տարի առաջ է եկել ծառայությունից, իսկ եղբայրները շարունակում էին ծառայել: Համագյուղացիները շեշտում են, որ երիտասարդը թշնամիներ չուներ եւ դժվար լիներ մեկը, ով ցանկանար նրան վնաս տալ: Իսկ թե ինչը կարող էր լինել նրա անհետ կորելու, այնուհետեւ անտառում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվելու պատճառ, բոլորի համար անհայտ է:
Համագյուղացիների համար անակնկալ էր նաեւ երիտասարդի նամակում բերված խոսքերը, թե «ընտանիքս ինձ ուղղում էր, բայց ես չէի ուղղվում, որովհետեւ ես իմ ընտանիքին արժանի չէի…», քանի որ Վազգեն Հովհաննիսյանը երբեք արատավոր վարք չի ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի հարակից տարածքում, որտեղ անտառային հատված է, ծառից կախված վիճակում հայտնաբերվել է մի երիտասարդի դի: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը նույն գյուղի բնակիչ է, 27-ամյա Վազգեն Հովհաննիսյանը, ով հոկտեմբերից փնտրվում էր՝ որպես անհայտ կորած: Երիտասարդի գրպանից հայտնաբերվել է նաեւ մի գրություն, որտեղ վերջինս նշել է, թե իր այդ արարքի համար ոչ ոք մեղավոր չէ:
NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ երիտասարդը նաեւ հետախուզվում էր հափշտակության մեղադրանքով: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել անտառում, սպանություն է, թե՞ ինքնասպանություն, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Սակայն այստեղից միայն հայտնել են, որ կատարվում է քննություն:




























