Վերջին շրջանում շատ են բացահայտումները Ադրբեջանի իշխանությունների կողմից լոբբիստական նպատակներով ծախսվող ահռելի գումարների մասին: Այդ առումով, մասնավորապես, հետաքրքրական էր The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը Միացյալ Նահանգներում Ադրբեջանի կողմից վարձված11 պրոֆեսիոնալ լոբբիստական ընկերությունների եւ այդ ընկերությունների վարձակալության դիմաց միայն արդեն իսկ տարեկան մինչեւ 6 մլն ԱՄՆ դոլար գումար ծախսելու վերաբերյալ:

Այնուհանդերձ, ամերիկյան քաղաքական դաշտում ադրբեջանական դիվանագիտության եւ լոբբիի հերթական ֆիասկոնները շարունակվում են, որի վերջին դրսեւորումն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 30-ին կազմակերպված ադրբեջանական մշակութային գալան էր, որը, կրկին, աչքի ընկավ հսկայական ծախսերով եւ քաղաքական ցածր մակարդակով ու անորակությամբ:

Կազմակերպիչների եւ ադրբեջանական մամուլի կողմից շաբաթներ առաջ շրջանառվող տեղեկատվությունն աննախադեպ միջոցառման ակնկալիք էր ստեղծում. այդ նպատակով հատուկ հատկացվել էր ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար, անգամ խոհարարները եւ մթերքները  բերվել էին Ադրբեջանից: 

Սակայն ինչպիսի՞ն էին արդյունքները: Ի տարբերություն կազմակերպիչների կողմից տարածված տեղեկատվության, այդ հանդիպմանը չէին մասնակցում Սպիտակ տան,  պետքարտուղարության եւ, առհասարակ, ԱՄՆ վարչակազմի ոչ մի ներկայացուցիչ, ոչ էլ վաշինգտոնյան դիվանագիտական, քաղաքական լայն շրջանակի անդամներ: Անգամ միջոցառումից առաջ իրենց կողմից հպարտորեն հրապարակված պատվո կազմկոմիտեի մոտ երկու տասնյակ կոնգրեսականներից միջոցառմանը ներկա էին ընդհամենը երկուսը:

Փողը, անշուշտ, կարեւոր գործոն է միջազգային հարաբերություններում եւ դիվանագիտության մեջ, առավել եւս լոբբիստական աշխատանքում, այնուհանդերձ ալիեւյան Ադրբեջանի եւ նրա ապաշնորհ դիվանագետներին չի փրկում անգամ շատ փողը: Մինչդեռ հատկանշական է, որ  Հայաստանի դեսպանության եւ հայկական լոբբիի ջանքերով Հայաստանին, Ղարաբաղին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջոցառումներում մշտապես հաջողվում է ապահովվել բարձր ներկայացուցչական մակարդակ, տասնյակ կոնգրեսականների ակտիվ մասնակցություն: