Այսօր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կա, որը չկար վերջին ժամանակները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո, տեսնելով, որ հնարավորություն է ստեղծվել, խոսել ենք նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ծրագրում ենք Երեւանում զրուցել Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա:

Ընդգծելով, որ ադրբեջանցիներն ու հայերն արժանի են խաղաղության ու բարեկեցության՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ պետք է դրա համար մի միջոց գտնել: «Դա է պատճառը, որ ես հանձն եմ առել այս աշխատանքը, քանի որ գտնում եմ, որ հնարավոր է գտնել խաղաղության ուղին»,-ասել է նա:

Ուորլիքը հավաստիացրել է, որ պատրաստ է տարածաշրջան այցելել այնքան անգամ, որքան անհրաժեշտ կլինի՝ հակամարտությունը կարգավորելու համար:

Պատասխանելով երկու նախագահների հանդիպման մասին հարցին՝ Ուորլիքը նկատել է, որ դա կախված է հենց պետությունների ղեկավարներից: «Այդ որոշումը միայն համանախագահները չեն ընդունելու: Սակայն ջանքեր ենք գործադրում, որ հանդիպումը կայանա աս տարի»,-ասել է նա: «Եթե կա քաղաքական կամք՝ խնդրի լուծման հարցում առաջ շարժվելու, մենք պատրաստ ենք օգնել»,-ընդգծել է Ուորլիքը:

«Գրեթե երկու տարի նախագահները չեն հանդիպել եւ այս ընթացքում մենք առաջխաղացման ուղի չենք գտել: Հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ եւ կառուցողական քննարկման համար, որը կօգնի առաջխաղացմանը»,-ասել է ամերիկյան համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ ցանկալի է, որպեսզի կողմերը իրենք հայտարարեն, որ ցանկանում են բազմակողմանի բանակցություններ վարել: «Հուսով ենք, որ եթե նախագահները կարողանան խոսել, ապա միջոց կգտնեն առաջ շարժվելու, որպեսզի բանակցությունները կառուցողական լինեն»,-ընդգծել է նա:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին՝ Ուորլիքն ասել է, որ դա հենց այն է, ինչը նախագահները պետք է քննարկեն: Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու առաջարկության մասին՝ Ուորլիքն ասել է, որ հակամարտող կողմերը շարունակում են հավատալ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործունեությանը: «Խնդիրը բանակցությունների ձեւաչափը չէ, այլ բոլոր կողմերի մոտ քաղաքական կամքի առկայությունը՝ առաջ շարժվելու եւ լուծում գտնելու: Դա այն է, ինչ առաջիկա շաբաթների ընթացքում կցանկանայինք ուսումնասիրել»,-ասել է նա:

Ուորլիքի խոսքով՝ ընտրությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի գործընթացն առաջ շարժվի:

Խոսելով ղարաբաղյան հակամարտությունն այլ հակամարտությունների հետ համեմատելու մասին՝ Ուորլիքն ասել է, որ դա շատ բարդ է, քանի որ դրանց ծագման հանգամանքները շատ տարբեր են:

«Նախքան այս աշխատանքին անցնելը՝ ես աշխատել եմ Աֆղանստանում եւ առաջատար բանագնաց էի անվտանգության ապահովման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը կնքելիս: Շատ բարդ էր, սակայն կարողացանք գտնել առաջխաղացման ուղին: Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները բարդ են, ընտրությունը, որը պետք է արվի, դժվար է: Սակայն սա հակամարտություն է, որը կարող է լուծվել: Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդներն էլ արժանի են խաղաղությն ուղին գտնելուն: Արդեն դրա ժամանակն է»,-ամփոփել է համանախագահը: