Նախորդ տարվա համեմատ հրդեհների հետեւանքով զոհերի եւ  վնասվածքներ ստացածների մասով ունենք զգալի նվազում: Այս մասին, այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ խոսելով անտառային հրդեհների կանխարգելման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մենք ունեցել ենք 11 զոհ, իսկ այս տարի՝ 8 զոհ: «Վնասվածքների մասով ցուցանիշը եւս նվազել է: Այս տարի ունենք 26 վիրավոր, իսկ նախորդ տարի՝ 226: Փաստորեն 88 տոկոսով նվազել է, ինչը շատ է ուրախացնում: Նախորդ տարի վիրավորները շատ էին փուչիկների հայտնի հրդեհի հետեւանքով, բայց, այդ հրդեհից դուրս 35 տոկոսով նվազել է վիրավորների թիվը: Նյութական վնասների մասով սեպտեմբերին մոտ մի 50 տոկոս  աճ ունեցանք խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհների հետեւանքով»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը: