Մեր համաքաղաքացիների մոտ հակահրդեհային գիտելիքների մակարդակը ցավոք շատ ցածր է: Այս մասին, այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ԱԻՆ աշխատակիցները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի բարձրացվի գիտելիքների մակարդակը: «Շատ հաճախ  մենք ականատես ենք լինում այնպիսի անգրագիտության, որը ապշեցնող է: Մարդիկ անգամ չգիտեն, թե ուր զանգահարեն: Ի դեպ, պետք է զանգ տալ 1-01  կամ  911: Շատ հաճախ էլ խուճապի են մատնվում՝ նպաստելով հրդեհի արագ տարածմանը եւ ծանր հետեւանքների առաջացմանը»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Խոսելով տարրական կանոնների մասին, Հայրապետյանը նշեց, որ իրենց ֆունկցիան այն է, որ նախ պետք է այնպիսի կանոններ ստեղծել, որպեսզի հրդեհ չառաջանա կամ եթե արդեն հրդեհ է առաջացել, նվազեցնեն վնասները: «Բայց եթե հրդեհ է հայտնաբերվել, առաջին հերթին պետք է զանգահարել վերը նշված համարներով, որոնք շուրջօրյա աշխատում են: Իսկ, եթե կան սկզբնական հրդեհաշիջման միջոցներ, որոնք ի տարբերություն եվրոպական երկրների, մեզ մոտ չկան, ապա կրակմարիչներով պետք է փորձեն հրդեհի դեմն առնել, բայց ահազանգելուց հետո: Բայց, եթե զգում են, որ իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ, պետք է լքեն տարածքը»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Ի դեպ, նա նաեւ նշեց, որ ջուրը հրդեհը մարելու ամենատարածված միջոցն է, սակայն ոչ բոլոր դեպքերում: «Եթե էլեկտրասարքավորում է այրվում կամ էլեկտրական ինչ-որ մի վայրում է հրդեհը բռնկվել, մինչեւ հոսանքի մարումը չի կարելի ջրով հանգցնել, որովհետեւ  կարող են հոսանքահարվել: Բայց հրդեհն այնպիսի բան է, որ անգամ գործից գիտակ մարդիկ այդ պահին կորցնում են նորմալ կողմնորոշվելու ունակությունը»,- ասաց բանախոսը: