Հրդեհների առաջացման պատճառների 95 տոկոսից ավելին մարդածին են: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
«Օրինակ, բարձրահարկ շենքերում մեր բնակիչների կողմից իրականացվում են տարատեսակ ձեւափոխումներ, որոնք բնականաբար որոշակիորեն ազդում են տվյալ շենքի հակահրդեհային իրավիճակի վրա: Մեր կողմից պարբերաբար զգուշացումներ են լինում, տուգանքներ սահմանվում, բայց խնդիրը վերջնականապես չի լուծվել»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ մարդածին հրդեհների ամենատարածված պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է: «Մյուսը էլեկտրատեխնիկական պատճառն է` էլեկտրական սարքավորումների, էլեկտրական հողորդալարերի կարճ միացումն է, որը, ինչպես մեզ մոտ, այնպես էլ ամբողջ աշխարհում, մեծ տոկոս է կազմում: Անզգուշ ծխելը եւս հաճախ հրդեհի պատճառ է դառնում»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց նախարարությունն էլ աստիճանաբար վերազինվում է նոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Իսկ ներկայիս ճկախողովակներով հրդեհը հնարավոր է շիջել առավելագույնը մինչեւ 8-րդ հարկ՝ կապված ջրի ճնշման հետ:




























