Երեւանի Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pab»–ում տեղի ունեցած մկւադեպի մասնակից եւ «Սաղիդ կկրակեմ, արա» խոսքերի հեղինակ ոստիկանն ազատվել է աշխատանքից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ միջադեպի մասնակից ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այլ մանրամասներ չհաղորդեցին:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Երեւանի Թումանյան-Սարյան խաչմերուկի մոտ գտնվող «90’s Cafe-Pab»–ում հաճախորդներից երկուսի միջեւ շարքային վիճաբանություն է տեղի ունեցել եւ վիճաբանողներն իրենց ծանոթների հետ դուրս են եկել «փաբից» ՝ հարաբերությունները դրսում պարզելու համար։

Երբ վիճաբանությունն առանց լուրջ հետեւանքների ավարտին է մոտենալիս եղել, «փաբից» դուրս է եկել մի անձնավորություն, մոտեցել փողոցում կայանված սեւ «Հունդայի էլանտրա» 80 LL 909 համարանիշի ավտոմեքենային, ներսից հանել ատրճանակը եւ պահել հավաքված տասնյակ երիտասարդների ուղղությամբ։ Ականատեսներից մեկը պատմեց հետեւյալը. «Ատրճանակը մեքենայից հանեց, ցուցադրական «զարիժատ» արեց, պահեց մարդկանց վրա ու ընդգծված լկտի տոնով գոռաց՝ «սաղիդ կկրակեմ, արա», ու ամենավերջին հայհոյանքները սկսեց տեղալ չնայած հավաքվածների մեջ շատ էին աղջիկները»։

Ականատեսի պնդմամբ, այդ պահին նրան են մոտեցել մոտերքում հերթապահող «կարմիրբերետավորները», նրանից վերցրել են զենքն ու մի կողմ տարել։ Սակայն, անմիջապես ետ են վերադարձրել զենքը։ Դրանից հետո «կրակողը» մտել է «փաբ», հաշիվը փակել ու հեռացել։

Ականատեսները ճանաչել են տվյալ անձնավորությանը եւ մեր թղթակցին հայտնել, որ նա ոստիկանության աշխատակից է՝ քրեական վարչությունից, սակայն անուն-ազգանունը չգիտեին։ Մեզ հաջողվեց պարզել նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն-ազգանունը ՝ Հովհաննես Բալյան, գտանք հեռախոսահամարն ու զանգահարեցինք։ Հեռախոսազանգին պատասխանած անձը հայտնեց, որ ինքը Հովհաննեսը չէ, բայց ուշագրավ է, որ մեր հարցերից նա բոլորովին անակնկալի չեկավ...

Հետաքրքիր է՝ ՀՀ ոստիկանությունը գոնե ձեւի համար կպարզի՞, թե ով է ոստիկանության այդ աշխատակիցը, գոնե ձեւական կպատժի՞, թե՞ «բարեվարքումը» հենց այսպիսի վարք է նախատեսում ոստիկանների համար»,- գրել է թերթը: