Հայկական գինու արդեն  երկրորդ խմբաքանակը կարտահանվի Չինաստան: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝  գործակալությունը 2012թ. հայկական մի շարք արտադրողների օգնել էր կապ հաստատել չինական մատակարարի հետ,  որը դեկտեմբերին հայկական գինու խմբաքանակ էր գնել: «Հուրախություն մեզ, վերջերս նույն այդ մատակարարը դիմել է նոր խմբաքանակի համար: Նշանակում է՝ մենք ճիշտ ուղու վրա ենք», – նշել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ գործակալության ներկայացուցիչները հայկական մի շարք արտադրողների հետ նոյեմբերին կմեկնեն Շանհայ՝ մասնակցելու ալկոհոլային խմիչքների խոշոր ցուցահանդեսին: «Այնտեղ մենք մտադիր ենք նպատակային լսարանի՝ Չինաստանի մատակարարների համար դեգուստացիա կազմակերպել»:

Մինչեւ տարեվերջ եւս մեկ դեգուստացիա կկազմակերպվի ռուսական շուկայի համար՝ Մոսկվայում Հայաստանի օրերի շրջանակում:

Նշենք, 2013թ. առաջին կիսամյակում Հայաստանից Չինաստան արտահանվել է 41,9 հազար լիտր ալկոհոլային խմիչք ՝ 1,5 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2012թ. համեմատ արտահանման ծավալն ու արժողությունը նկատելի աճել են  (2012թ. 1-ին կիսամյակում արտահանվել էր 28,6 հազ. լիտր՝ 279 հազ. դոլար արժողությամբ):