Շանթ Հարությունյանը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ձերբակալվածների պահման մեկուսարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ այս պահին ձերբակալված են դեռ 20 ակտիվիստներ: Հարցին, թե նոր ձերբակալություններ սպասվում են կամ կան անձինք ովքեր հետախուզվում են, Երեւանի ոստիկանապետն արձագանքեց.«Նախաքննության գաղտնիություն գոյություն ունի, չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























