Ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ունի: Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի, այդ իսկ պատճառով մեր բոլոր ծրագրերը կազմվում են հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ի ժողովուրդը պետք է իր հողում ազատ ապրելու եւ արարելու հնարավորություն ունենա: Ուկրաինական «Սեգոդնյա» թերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցը Հայաստանի համար որոշիչ է եղել ԵՄ-ի կամ ՄՄ-ի միջեւ ընտրություն կատարելու հարցում:
«Բայց ամեն դեպքում, ես ԼՂ-ի հարցը չէի կապի տնտեսական ինտեգրման ընտրության հետ: Հիմնարար հարցեր կան կապված այն բանի հետ, թե Հայաստանն ինչպես կներկայանա այս տարածաշրջանում, ինչպիսի ապագա է իր համար տեսնում, ինչպես կկառուցի իր արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական փոխհարաբերությունները: Այս ամենը համալիր, բարդ հարցեր են»,- ասել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ անվտանգության, տնտեսական բարօրության, քաղաքական, մշակութաբանական վեկտորի զարգացման հարցերը բերում են այն եզրահանգմանը, որ ՌԴ-ի եւ ՄՄ-ի անդամ այլ երկրների հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր ժողովրդի կենսական շահերից. «ընտրություն կատարելիս որոշիչ գործոնի վերաբերյալ հարցի նման ձեւակերպումը շատ ավելի ճիշտ է»:




























