Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումից տուժած 8 ոստիկաններից 4-ը դեռ շարունակում են մնալ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում են գտնվում 2 ոստիկան, որոնցից մեկն այնտեղ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: «Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում: 2 ոստիկան էլ շարունակում են գտնվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից մեկը ունի գանգուղեղի վնասվածք , իսկ մյուսը ծակած վնասվածք: Իսկ 16-ամյա ակտիվիստը բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում դուրս է գրվել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գլխուղեղային վնասվածքով Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության Երեւանի վարչության աշխատակից 31-ամյա Էդգար Ալեքսանյանը: Նա գլխուղեղային վնասվածք էր ստացել, բայց կյանքին վտանգ չէր սպառնում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 27-ամյա Գեղամ Խաչատրյանը գանգուղեղային տրավմայով եւ ծակած վերքով, իսկ մյուսը Ոստիկանության ՊՊԾ 5-րդ գումարտակի ավագ ոստիկան 41-ամյա Պետրոս Հայրապետյանն է, որը գանգուղեղային տրավմա է ստացել:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էր տեղափոխվել 16-ամյա Ալբերդ Վանիկյանը: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն: Շուրջ 20 անձի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ձերբակալել են:




























