Անկասկած, Հայաստանը ձգտում է կարգավորել հարաբերությունները մերձավոր հարեւանների հետ եւ մենք հասկանում ենք, որ պետք է այդ ուղղությամբ շարժվել: Բանակցային գործընթացի շրջանակներում, որը բավականին երկար ընթանում է ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի հետ, ձեւակերպվել են մի շրաք մոտեցումներ, որոնք ենթադրում են որոշակի փոխզիջումներ ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Մենք շատ կառուցողական տրամադրվածություն ունենք: Այս մասին ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք կան շանսեր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նորմալ, քաղաքակիրթ հհարաբերություններ կառուցելու:
«Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել: Սակայն, ցավոք, ամանակը ցույց տվեց, որ Թուրքիան պատրաստ չէ դրան: Այդ երկիրը միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը եւ չի կարող հրաժարվել դրանից»,-ընդգծել է վարչապետը:
Ի պատասխան այն հարցին, որ հնարավոր է Թուրքիան ավելի լոյալ կլիներ, եթե Հայաստանում չառաջանար Հայոց ցեղասպանության 1,5միլիոն զոհերի սրբացնելու գաղափարը, Սարգսյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը Հայաստանի իշխանությանը չի պատկանում, այն բխում է Հայ առաքելական եկեղեցուց: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը աշխարհիկ պետոթյուն է, Թուրքիան եւս փորձում է այդ կերպ ներկայանալ. «Ուստի չեմ կարծում, որ եկեղեցու նման որոշումները պետք է խոչընդոտ հանդիսանան դիվանագիտական հարաբերություններ կառուցելու համար: Եթե խառնել այդ երկու գործընթացները, ապա դժվար կլինի գտնել երկու հարեւան պետություններ, որոնք իրենց պատմության մեջ որեւէ հակամարտություն չունենային: Նորմալ հարաբերություններ կառուցելու համար պետք է ապագային նայել, իհարկե, անցյալը չմոռանալով: Իսկ անցյալում պետք է փնտրել փաստարկներ, որոնք կօգնեն առաջ շարժվել: Այս տեսանկյունից, մեր նախագահի նախաձեեռնությունը ուղղված էր ապագային եւ , կարծում եմ, որ այդ խնդրի լուծումը ժամանակի հարց է: Թուրքիան առայժմ պատրաստ չէ քաղաքական կամք դրսեւորել այդ հարցում: Մյուս կողմից, այդ երկիրն այսօր փորձում է ներկայանլ որպես մեկ ազգ, երկու պետություն: Թուրքիան հենց այդ պատճառաբանությամբ է պաշտպանում Ադրբեջանին»:



























