Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հրամանագրում:




























