Աշխատանքային միգրացիան հիմնախնդիր է, որը հուզում է բոլոր զարգացող երկրներին, ուկրաինական «Օբոզրեւատել» թերթի հետ հարցազրույցում  ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պետությունն ինչ սոցիալական ծրագրեր է մտադիր կյանքի կոչել՝ բնակչությանը հայրենիքում պահելու համար:

 «21-րդ դարը աշխատանքային ռեսուրսների մոբիլայնության դար է: Մարդիկ մշտապես փնտրում եւ իրենց կարողությունների ու տաղանդի իրացման համար առավել արդյունավետ վայր են ընտրում: Եվ սա մեր առաջ ոչ թե պարզապես աշխատատեղերի, այլ առաջին հերթին,  որակյալ եւ բարձր վարձատրվող  աշխատատեղերի  ստեղծման խնդիր է դնում», - նշել է նա:

Ըստ նրա՝ արտագաղթի խնդրի լուծման համար համալիր մոտեցում է անհրաժեշտ, եւ դա բավական բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, որ բնակչության մոտ 32%-ն աղքատության շեմին է:

«Երկրորդ կարեւոր հարցը սոցիալական երաշխիքներն  են: Ամենից առաջ խոսքը բուժսպասարկման, կրթության մասին է: Այս ոլորտներում լայնածավալ բարեփոխումներ են տարվում, որոշակի ծրագրեր են կյանքի կոչվում» - ասել  է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ արդեն մի քանի տարի է Հայաստանն իրագործում է  երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագիրը եւ նախատեսվում է այդ ծրագրի ընդլայնում՝ եւ վարկավորման պայմանների հետագա մեղմացման, եւ ծրագրում ներառնված սոցիալական խմբերի ընդլայնման տեսանկյունից:

«Կառավարության հաջող նախագծերից կարելի է նշել  պետաշխատողների համար սոցփաթեթը», - ասել է նա: