Կարճ-կոնկրետ, միտինգավորները իրենց շատ անշնորք են պահել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նրա խոսքով, միտինգավորները, իրենց գժի տեղ դրած, ուզում էին հեղափոխություն անել, որը չէր կարող իրականացվել: «Մեքենաներ էին կանգնեցնում, շշեր, պայթուցիկներ գցում, բայց այդտեղով պատահական անցորդներ էին, չէ՞, անցնում: Բա, որ վնասեի՞ն: Իրենց գժի տեղ դրած՝ ուզում էին հեղափոխություն անել եւ, բնական է, որ ոստիկանությունը նրանց դեմը պետք է առներ» -ասաց Առաքել Մովսիսյանը: Հարցին, թե իր կարծիքով հեղափոխական շարժումը շարունակական բնույթ կկրի, թե ոչ, «Շմայս» կամանունով հայտնի պատգամավորն ասաց.«Պետության դեմ նման մանր-մունր շարժումները չեն կարող շարունակական բնույթ կրել: Պետությունը ամեն ինչից վեր է»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:




























