27-ամյա Արտավազդ Մալումյանը, տեղեկանալով , որ ծանոթին նեղացրել են, գնացել է հաշտեցնելու, սակայն դանակահարության հեղինակ է դարձել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Արտավազդ Մալումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հուլիսի 9-ին,ժ.21:30-ի սահմաններում, տեղեկանալով,որ նույն թաղի բնակիչներ Ա.Գեւորգյանն ու վերջինիս որդիներ՝ Ա.,Ա.Գեւորգյանները ծեծի են ենթարկել իր ծանոթ Մ.Գալստյանին, վերջիններիս հաշտեցնելու նպատակով գնացել է Գեւորգյանների՝ Գյումրու Կամոյի 51 հասցեի տան մոտ ,եւ նշված տան բնակիչներ Աղվան,Արտյոմ,Արթուր Գեւորգյանների եւ Մարտին Գալստյանի միջեւ կրկին ծագած վեճի, ծեծկռտուքի ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած, սառը զենք չհանդիսացող դանակով մեկ անգամ հարվածել է Արթուր Գեւորգյանի որովայնին,վնասել ստամոքսը՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























