Ամերիկացի Ուիլյամ Փոթսը, որը 30 տարի առաջ օդանավ էր առեւանգել եւ փախել Կուբա, իսկ նոյեմբերի 6-ին վերադարձել ԱՄՆ, ՀԴԲ գործակալների կողմից կալանավորվել է հենց օդանավակայանում:
Օդանավի առեւանգումը կատարվել էր 1984թ.: Փոթսը, որը հիմա 56 տարեկան է, փախել է Ազատության կղզի՝ ակնկալելով այնտեղ պարտիզանական պատերազմի պատրաստվածություն անցնել: Սակայն Կուբայի իշխանությունները նրան մեղադրել էին օդային պիրատության մեջ, ինչից հետո 13 տարվա ազատազրկման էր դատապարտվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փոթսը ազատվելուց հետո զբաղվում էր գյուղատնտեսությամբ, իսկ հիմա որոշել էր ԱՄՆ վերադառնալ՝ կարոտելով հարազատներին:
Վերջին օրերին նա հանդիպել էր ամերիկացի դիվանագետների հետ, որոնք նրան օգնել էին ԱՄՆ-ի անձնագիր ստանալ: Նոյեմբերի 6-ին Փոթսը չարթերային չվերթով Հավանայից Մայամի էր ժամանել, որտեղ էլ կալանավորվել է:
Reuters-ի տվյալով, Փոթսը դատարանում պատասխան կտա նոյեմբերի 7-ին: Օդանավի առեւանգման համար նրան 20-ից մինչեւ ցմահ ազատազրկում է սպասվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոթսը ներման հույս ունի, քանի որ Կուբայում արդեն կրել է պատիժը:





























