«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 6-ին կայացել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի փակումը: Ի հիշատակ ՀՀ ժողավրդական դերասան Սոս Սարգսյանի` երեկոն սկսվել է Վարպետին նվիրված ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը իր եզրափակիչ խոսքում, նշել է, որ ավանդաբար կինոտոնը եզրափակվում է գրախոսականների մրցույթի ամփոփումով, սակայն այս տարի կամփոփվեն նաեւ առաջին անգամ անցկացված կինոմրցույթի արդյունքները:
Կինոկենտրոնի տնօրենի խոսքով, արդեն չորրորդ անգամ հայկական հին ու նոր կինոն շրջել է ամբողջ Հայաստանով մեծ ու փոքր, հեռավոր ու մոտ, սահմանմերձ ու քաղաքային բնակավայրերում պարգեւելով մեծերին ու մանուկներին ուրախության պահեր: Առաջին տարիներին ծրագրում տեղ գտած դժվարությունները այլեւս հաղթահարված են: «Կինոաշունը» այլեւս կայացած եւ սպասված է հանրության շրջանում: Իսկ այն խնդիրը , որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում` կինոն տարածել եւ հասանելի դարձնել հանությանը`արդեն իրականություն է:
Կինոծրագրի հաջորդ կարեւոր խնդիրը` երիտասարդության շրջանում կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն է, ինչը աստիճանաբար սկսում է արդյունքներ գրանցել. արդեն 4-րդ անգամ անցկացվող գրախոսակաների մրցույթի արդյունքում սկսվել է ձեւավորվել կինոքննադատների նոր սերունդ, որոնք մի քանի տարի հետո վստահաբար իրենց տեղը կունենան հայկական կինոհարթակում: Դրա վկայությունը ոչ միայն ստացված գրախոսականների քանակն է, այլ նաեւ որակը, որն էապես տարբերվում է առաջին եւ երկրոդ տարիներից:
Այս տարի առաջին անգամ «Կինոաշնան» շրջանակներում անցկացվել է կինոմրցույթ: Այս նախաձեռնությունը եւս նախորդների պես միտված է կինոարտադրության զարգացմանն ու կինոյի տարծման նվիրական գործին:
Գրախոսականների մրցույթի համար ներկայացված 17 աշխատանքներից երեքը` ժյուրիի որոշմամբ չի դիտարկվել, քանի որ սահմանված ժամկետից ուշ էին ներկայցված: Նախորդ տարիների պես 1-ին մրցանակ չընտրվեց: 2-րդ մրցանակը շնորհվեց Մարիա Թոքմաջյանի §Ֆիլմը եթե դոկումենտ չէ, ապա երազ է, անուրջ» աշխատանքին ( գրված Մ. Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմի համար): 3-րդ մրցանակը կիսվեց Ջուլիետա Տոնականյանի «Մաեստրոյի «Վեցերորդ պատվիրանի» փոխարեն» (գրված Վ.Չալդրանյանի §Ձայն լռության¦ ֆիլմի համար) եւ Արփինե Փաշայանի §Ունայնության քամի» աշխատանքների միջեւ (գրված Հ.Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ¦ ֆիլմի համար): §Երեւանն իմ քաղաքն է» կինոմրցույթին ներկայցված 7 ֆիլմից ընտրվեց Նարե Գալստյանի «Երեւան ջան» աշխատանքը:
«Կինոաշունը» ամեն տարի փորձում է նորովի ներկայանալ հանրությանը: Հաջորդ` 5-րդ հոբելյանական «Կինոաշունը» կունենա նոր բաղադրիչներ, իսկ մեկնարկը հաստատապես կտրվի Արցախ աշխարհից:



























