Ակտիվիստ ձեւացած նախկին ոստիկան եւ փրկարար Արման Արշակյանը վստահեցնում է, որ ինքը ոստիկանության եւ Սամվել Ալեքսանյանի համար չի աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արման Արշակյանը:

«Ես ոստիկանության աշխատող չեմ, զինված ուժերի աշխատող եմ, իմ մոտ վկայական կա եւ կարող են ճշտել: Իրենք սխալ ինֆորմացիա են ներկայացրել, աղբյուր չունեն, թույլ են: Ես օրենքին նվիրված մարդ եմ, մեռնեմ օրենքին, գոյություն ունի փաստաթուղթ, կարող են գալ, իմ աշխատանքի տեղը տենան: Տենց բան բացառվում է, եթե ես Սամվել Ալեքսանյանի աշխատողը լինեի, ինձ չճանաչեին, ինձ չմոտենային կամ մի բան չանեին իմ գլխին: Սամվել Ալեքսանյանի հետ ես կապ չունեմ, ինքը պրոստը իմ տարածքի պատգամավորն է: Ես իրենց հետ (Նախախորհրդարանի-խմբ) երկու ամիս պայքարել եմ իրա դեմ, նկարել եմ, հերթապահություն եմ կանգնել, իմ երկու ամսվա հերթապահության աշխատավարձը պրոստը չէին տալիս: Ոչ թե ակցիաների համար, որովհետեւ ակցիաներին ես անվճար եմ մասնակցել, այլ հերթապահության, նկարահանման համար: Ես եկել էի, իմ աշխատավարձն էի ուզում, էն էլ զգացի, որ կապիկություն են անում, ասացի՝ ձեզ ըլնի, կերեք, կշտացեք: Ես բոլոր տեղերը կամ, կարող եք նայել, նկարում էի «Նախախորհրդարանի» համար»,- ասաց Արման Արշակյանը:

Նա նշեց, որ իրեն ընդհանրապես չեն վճարել, թեեւ ենթադրում է, որ կան մարդիկ, որոնց վճարում են. «Վճար չկա, անվճար է, հասարակական կազմակերպություն է, բայց զուտ նկարելու համար իրենք «Մեդիա կենտրոնում» աշխատավարձ էին ստանում, երկու հոգի նկարող կար: Բա ես էդքան նկարել եմ, ինձ դավերիա են արել «Նախախորհրդարանի» շենքը, բանալիները, երկու ամիս հերթապահել եմ շաբաթը մեկ անգամ, ինչի՞ փող չեն տվել»,- ասաց նա:

Արման Արշակյանը չհերքեց, որ որոշ ժամանակ աշխատել է ոստիկանությունում, իսկ 2007թ աշխատում է կրթական համակարգում, ռազմագիտությունում է դասավանդում, բայց թե որ դպրոցում, չասաց:

Նա նշեց, որ «Նախախորհրդարանից» չի թաքցրել, որ ինքը զինված ուժերում է աշխատում, վկայական ունի եւ ֆորմա: «Սադրիչներ են ասում, վարկաբեկում են մարդուն, որ փողը չտան»,-ասաց նախկին ակտիվստը:

Նա նաեւ հարց հնչեցրեց, թե ինչպես է պատահում, որ այդքան մարդիկ, ուսանող անվճար գալիս են «Նախախորհրդարանի» ակցիաներին, իսկ նախաձեռնությունը տարբեր տեղեր, այդ թվում՝  մարզերում, գրասենյակներ է վարձել, «ճշտեք, թե իրենց գումարներ ով ա տալիս»:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, ըստ որի, իրենց շարքերում արդեն երկու ամիս ծպտյալ ոստիկան է եղել՝ Արման Արշակյանը։

«Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:

Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է եւ աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում:

Քաղաքացի Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության եւ Սամվել Ալեքսանյանի համար: Եվ երբ նա արդեն սկսեց Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել, որոշում կայացվեց նրան հեռացնելու մասին»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարությունում։

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արման Արշակյանը 2009թ մայիսի 22-ին զորացրվել է, նա ծառայել է ոստիկանության զորքերում՝ իբրեւ վաշտի հրամանատար, կապիտան է եղել: NEWS.am-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ ակտիվիստ ձեւացած անձը մինչ ոստիկանության զորքերը աշխատել է Փրկարար ծառայությունում: