«Տրանսաէրո» ավիաընկերության օդանավը Մոսկվայում վայրէջք կատարելիս շեղվել է իր նախանշված ուղուց «նավիգացիոն սարքավորման ոչ սարքին լինելու պատճառով»: Այսպիսով՝ ավիաընկերությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում հրապարկված տեղեկությունները՝ կապված «Բոինգ-737» օդանավի հետ:
«Մոսկովյան Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարելիս օդանավն աննշան թերության պատճառով թեթեւակիորեն շեղվել է նախանշված կուրսից»,-ասվում է փոխադրողի հաղորդագրությունում, որը հրապարակվել է պաշտոնական կայքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշվում է նաեւ, որ անձնակազմը ժամանակակից ու պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել եւ կարողացել հասնել բարեհաջող վայրէջքի: Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ այլ օդանավերի հետ վտանգավոր մերձեցում չի եղել, ուղեւորների անվտանգությանը ոչինչ չի սպառնացել:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նոյեմբերի վեցին Մոսկվայի երկնքում կարող էին բախվել երկու օդանավեր:



























