Վրացական անձնագիր ստանալու համար նախագահի աշխատակազմ են դիմում հիմնականում նրանք, ովքեր դրանից զրկվել են այլ երկրի անձնագիր ստանալու պատճառով, Facebook-ի իր էջում գրել է Միխայիլ Սահակաշվիլին:
Շաբաթվա սկզբին նախագահական աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը հայտարարել էր, որ վրացական անձնագիր ստանալ ցանկացողներից շատերը անհասկանալի պատճառով մերժվել են արդարադատության նախարարության կողմից:
Այս կապակցությամբ Սահակաշվիլին որոշել է ցանկացողներին հեշտացված կարգով քաղաքացիություն տրամադրել:
«Վերջին ժամանակներս շատերն են դիմում իրենց քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով, քանի որ արդարադատության նախարարությունը նրանց մերժում է: Հիմնականում դրանք մեր այն բնակիչներն են, որոնք երկքաղաքացիություն ստանալու պատճառով հարկադրաբար կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը», - գրել է Սահակաշվիլին:
Ըստ նրա՝ վրացական քաղաքացիություն ստանալ ցանկացողների շարքում կան Վրաստանում վաղուց բիզնեսով զբաղվող մարդիկ, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
«Ես վճռել եմ օգտվել նախագահի բացառիկ լիազորություններից եւ այդ մարդկանց քաղաքացիություն տրամադրել՝ հեշտացված կարգով», - նշել է Սահակաշվիլին:





























