Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավում մահացած տղամարդը տառապում էր թոքերի քաղցկեղ հիվանդությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրան ճանաչողները:

Մահացողը ընդամենը 44 տարեկան էր, անունը՝ Արմեն: Նրան ճանաչողները հայտնեցին, որ թոքերի քաղցկեղը տղամարդու մոտ ախտորոշվել էլ վերջերս, սակայն զարգացումը շատ արագ է եղել: Մեզ նաեւ հայտնեցին, որ տղամարդը ամուսնացած էր:

Այլ մանրամասներ նրա մասին չհաջողվեց պարզել, քանի որ թռիչքն իրականացրած «Ռոսիա» ավիաընկերության երեւանյան գրասենյակում երկու օր է՝ չեն պատասխանում զանգերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում՝ ուղեւորի մահվան պատճառով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի քննչական վարչության քննիչ Արտեմ Մարչենկոն:

«Ուղեւորը տառապել է լուրջ հիվանդությամբ եւ Սանկտ Պետերբուրգ էր թռչում բուժման նպատակով: Երբ տղամարդն իրեն վատ է զգացել, օդանավի անձնակազմը փորձել է նրան օգնություն ցուցաբերել, բայց դա օգուտ չի տվել: Ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովում եւ տղամարդուն հանձնել «շտապօգնության» աշխատակիցներին»,-պատմել է քննիչը:

Մարչենկոյի խոսքով՝ բժիշկներին չի հաջողվել փրկել 44-ամյա տղամարդու կյանքը, եւ նրանք արձանագրել են, որ նա մահացել է նախքան վայրէջքը: