29-ամյա Էդուարդ Հ.-ն ՈԱՄՎ ոստիկանության Արմավիրի բաժնում հայհոյել է ոստիկաններին եւ խանգարել բնականոն աշխատանքը, որի համար կանգնել է դատարանի առջեւ: Արմավիրի մարզ մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Էդուարդ Հ.-ն ՈԱՄՎ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասում, նույն բաժնի աշխատակիցների ներկայությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նրանց նկատմամբ եւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակով` շուրջ 10-15 րոպե շարունակ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին` խաթարել է հերթապահ մասի բնականոն աշխատանքը:

Այսինքն` Էդուարդ Վագիֆի Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 258 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ  1 ամիս ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: