Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները: Սակայն կողմերը հասկանում են, որ գործընթացը պետք է զարգանա: Նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերություն» ծրագրի գագաթաժողովին անդրադառնալով՝ քաղաքագետը նշել է, թե «պարզ է, որ ասոցացման մասին համաձայնագիր չի ստորագրվի»:
Ըստ նրա՝ խոսքը դիրքերի ամրացման մասին է: «Կողմերը հասկանում են, որ գործընթացը պետք է զարգանա»:
Ալեքսանդր Մարկարովն ընդգծել է, որ բազմավեկտոր կոմպլեմենտար քաղաքականությունը փոքր երկրի քաղաքականության անքակտելի մասն է:
Այս հարցում նա ուշագրավ է համարում եվրոպական կառույցների հետ բանակցությունների շարունակումը:
Ըստ քաղաքագետի՝գործակցությունը կշարունակվի բարեփոխումների եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության պլանում:
Մեկնաբանելով ՌԴ նախագահի հնարավոր այցը Հայաստան՝ եվրասիական ինտեգրման պլանում, Ալեքսանդր Մարկարովը հիշեցրել է, որ առայժմ այցի պաշտոնական հաստատում չկա: Ավելին, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, թե օրակարգում նման այց չկա:
Սակայն դեկտեմբերին Հայաստանում խոշոր միջոցառում՝ գործարար համաժողով է կայանալու, եւ նման այցի հնարավորությունը չարժե բացառել:
Հիշեցնենք, ավելի վաղ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հայտնել էր, որ Պուտինը Հայաստան կգա դեկտեմբերի 2-ին:





























