Օգոստոսի 12-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպում է ունենալու Մոլդովայի հավաքականի հետ, որի մարզչական շտաբը արդեն իսկ հրապարակել է այս խաղին առնչվող իր թիմի կազմը։ Ինչպես հայտնել է հայկական հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մեր թիմի ընդլայնված կազմում ներգրավված են 26 ֆուտբոլիստ, սակայն օգոստոսի 9-ի հավաքին մասնակցելու են 20 ֆուտբոլիստներ։
«Ամենից շատ մենք անհանգստացած ենք այն իրավիճակից, որ մեր լեգեոներների մեծ մասը իրենց թիմերում մշտական խաղային պրակտիկա չունի։ Մարզական տեսանկյունից, հնարավոր է, ճիշտ կլիներ չհրավիրել նրանց, որովհետեւ իրենք չունեն հիշյալ պրակտիկան։ Սակայն, մյուս կողմից, ազգային հավաքականում նրանց հանդես գալը կբարձրացնի իրենց վարկանիշը եւ կարող է այլ ակումբներին հետաքրքրել։ Իսկ խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստներին հրավիրելու ենք հավաքական։ Ես խոսում եմ տեղի ֆուտբոլիստների մասին։ Հարցականի տակ է միայն Ռոբերտ Արզումանյանի եւ Լեւոն Փաչաջյանի հրավերքը։ Մենք այս հարցի շուրջ որոշում կկայացնենք իրենց հետ զրույցից հետո»,- ասել է Վ. Մինասյանը։
Անդրադառնալով Էդգար Մանուչարյանին, որը ժամանակին ամենախոստումնալից հայկական ֆուտբոլիստներից մեկն էր, հավաքականի մարզիչը ասել է, որ նա 99 տոկոսով չի գալու հավաքին, որովհետեւ դեռ իրեն թիմ չի գտել։ Ի տարբերություն Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Արարատ Առաքելյանից, որը նույնպես չունի խաղային պրակտիկա, բայց հավաքին մասնակցելու է։
Այն հարցին, թե լինելո՞ւ են արդյոք թիմում նոր անուններ, Մինասյանը ասել է հետեւյալը. "Այո, լինելու է մեկ նոր խաղացող, բայց այդ անունը թող հայտարարի ՀՖՖ-ն։ Եթե կարգավորվեն փաստաթղթերի հարցերը, կհրավիրենք նաեւ Իսրայելում հանդես եկող Եղիա Յավրույանին։
Հավաքականի մարզիչը կցանկանար հրավիրել կիսապաշտպան Բարսեղ Կիրակոսյանին, սակայն վերջինիս մոտ անձնագրային խնդիրներ կան, եթե այդ խնդիրները լուծվեն՝ նա կգա։ Ըստ Մինասյանի, Ռուսաստանի առաջնության վերջին՝ «Անկար»-ի դեմ խաղի ժամանակ Կիրակոսյանը բավականին լավ տպավորություն է թողել։
Մինասյանը նաեւ գոհունակություն է հայտնել ուկրաինական «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի խաղի վերաբերյալ։



























