Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանի դահլիճում նոյեմբերի 20-ին 14-ամյա Սեպուհ Օշաքյանը մուլտիմեդիայի օգնությամբ կպատմի այն մասին, թե ինչպես է 13 տարեկանում բարձրացել Արարատ լեռը:

Ցուցադրությունը անցկացվելու է անգլերեն: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Սեպուհ Օշաքյանը Լոս-Անջելեսի շրջանի Քրեսենթի  միջին դպորցի իններորդ դասարանի աշակերտ է: Նա 2013թ.-ին ավարտել է Շամլյանի անվան հայկական դպրոցը: Սեպուհը ֆուտբոլիստ է, նրա մյուս հետաքրքրությունների շարքում են գրական ստեղծագործությունը, ընթերցանությունը, կիթառ նվագելն ու նոր ռեստորաններ այցելելը:

«Ինձ մոտ տարբեր, մեղմ ասած շատ տարօրինակ զգացողություններ էին միախառնվել: Նախնական բարձրացումը շատ գրավիչ էր: Ես շատ էի ցանկանում բարձրանալ լեռն ու ընկերներիս մոտ հպարտանալու իրավունքով վերադառնալ տուն: Այնուամենայնիվ, երբ բարձրանում էի, գլխումս միայն մեկ միտք էր. «Ուղղակի շարունակի գնալ, ուղղակի շարունակի գնալ»,- պատմել է դեռահասը հարցազրույցի ժամանակ: