Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել  է հանրապետության երեք խոշոր հավկիթ արտադրող ընկերություններ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե աշխատանքային այցը նախարարը սկսել է Արմավիրի մարզի   «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, եղել է թռչնաբուծարաններում եւ հավկիթի փաթեթավորման արտադրամասում: Այսօր այս ընկերությունը բավարարում է տեղական շուկայի հավկիթի պահանջարկի 30%-ը:

Այնուհետեւ նախարարը մեկնել է Կոտայքի մարզի «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ եւ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»:

«Մենք արդեն երկու ամիս է ինչ ուսումնասիրում ենք հավկիթի արտադրության շուկան եւ այսօր հավկիթ արտադրող այս երեք խոշոր ֆաբրիկաներում  մենք համոզվեցինք, որ նախատոնական օրերին մեզ չի սպառնում հավկիթի դեֆիցիտ: Մեր տեղական  արտադրության ծավալները մեզ կբավարարվի»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հավկիթի թանկացմանը`  նախարարը մասնավորապես նշել է, որ այն պայմանավորված է  թե′ գազի, թե' էլեկտրոէներգիայի, թե'  կերի թանկացումների հետ:

Նկատի ունենալով ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 16 մլն  ձվի լրացուցիչ պահանջարկը, հանրապետության բոլոր թռչնաբուծարաններն էլ ձեռնամուխ եղանվառեկները ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակի ավելացմանը: Վերջին 2-3 ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 373 հազար վառեկ, որոնց ձեռք ենբերել «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ը, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն, «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ -ը, «Աշտարակ Ձու» ՍՊԸ-ն  եւ այլ ֆաբրիկաներ:

Ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից,  60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով եւ կհասնի  950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավել ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը:

Այցի ավարտին հավկիթ արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին տեղեկացրեցին, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում: