Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակում այսօր՝ նոյեմբերի 18-ին, քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները, որոնց արդյունքում որոշակիորեն սահմանափակվել է անձանց սեփականության օգտագործման իրավունքը: Եթե նախքան այդ ցանկացած բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը հիմնված էր զուտ ընտանեկան հարաբերությունների հիման վրա, չէր պահանջում պետական գրանցում եւ անհատույց էր, ապա Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանվեցին որոշակի պահանջներ, ինչի առթիվ ՄԻՊ-ը քննարկում է կազմակերպել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՄԻՊ-ից :Մասնավորապես, եթե անձը մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը հաշվառված է եղել որեւէ բնակելի տարածությունում, ապա, անկախ նրանից, թե նա գրանցել դրա նկատմամբ իր օգտագործման իրավունքը, թե ոչ, մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը uեփականատիրոջ կողմից բնակության իրավունքի դադարեցման դեպքում այդ անձին փոխհատուցում է տրվում, իսկ եթե դա արվում է 2007թ. հունվարի 1-ից հետո, ապա փոխհատուցում կտրվի միայն այն անձանց, ովքեր կատարել են բնակելի տարածության նկատմամբ իրենց oգտագործման իրավունքի պետական գրանցում:
Խնդրահարույց է նաեւ օգտագործման իրավունքի դադարեցման դիմաց տրամադրվող փոխհատուցման չափը. եթե նախկինում փոխհատուցումը տրվում էր` հաշվարկվելով այդ բնակելի տարածքի շուկայական գնով, ապա ներկայումս այդ իրավունքն ունեցող յուրաքանչյուր անձին փոխհատուցվում է նվազագույնը` 5քմ, իսկ առավելագույնը 9քմ մակերեսով բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափով` անկախ այն հանգամանքից, թե անձը փաստացիորեն քանի քառակուսի մետր բնակելի տարածք է զբաղեցրել:
Նշված կարգավորումների իրավաչափության վերաբերյալ տարբեր քաղաքացիների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել դիմում-բողոքներ եւ այդ առիթով Պաշտպանի աշխատակազմը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին՝ դատավորներ, Փաստաբանների պալատի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի այլ մասնագետներ:
Պաշտպանի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը, ներկայացնելով խնդրի վերաբերյալ Վարչության կողմից իրականացված հետազոտությունները ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական ակտերի ուսումնասիրության եւ վերլուծության հետ կապցված, նշեց, որ սեփականատիրոջ եւ վերջինիս գույքից օգտվող անձանց իրավունքները չպետք է սահմանափակվեն զուտ ձեւական պահանջների հիման վրա: Անձի իրավունքների, այդ թվում` օգտագործման իրավունքի սահմանափակումը իրավաչափ է միայն այն դեպքում, երբ հիմնավոր է դրա անհրաժեշտությունը եւ պահպանվում են համաչափություն կանոնները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն` առանց գույքի արժեքին համապատասխան փոխհատուցում կատարելու անձին սեփականության իրավունքի սահմանափակումն իրենից ներկայացնում է այդ իրավունքի խախտում (Կանալան ընդ. Սլովակիայի (2007թ.)):
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը քննարկման ընթացքում հայտնեց իր մտահոգությունը, որ պրակտիկայում առկա դեպքերը ցույց են տալիս, որ նշված իրավակարգավորումը առավելապես բացասաբար է անդրադառնում սեփականատիրոջ հետ ընտանեկան հարաբերությունների մեջ գտնվող անձանց վրա:
Քննարկման մասնակիցներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին լրացուցիչ ուսումնասիրություններ իրականցնելու հարցում: Իսկ խնդրի, մասնավորապես առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմը դիմում կներկայացնի Դատարանների նախագահներ խորհուրդ, ինչպես նաեւ` այլ պետական մարմիններ, որից հետո, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նաեւ օրենդրական կարգավորումների բարեփոխման հնարավոր այլ միջոցներ:




























